ru24.pro
World News
Апрель
2021

Օնիկ Գասպարյանի՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքը հնչել է հոկտեմբերի 19-ին․ ԱԽ քարտուղար

0

Պետք է հիշենք, թե նոյեմբերի 17-ին Հայաստանում ներքաղաքական ինչպիսի իրավիճակ էր, և մենք կարծում էինք, որ Հայաստանի համար ամենակարևոր խնդիրն այդ պահին հենց այդ հարցի լուծումը չէր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Factor.am-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ԱԽ գրասենյակը երեկ գաղտնազերծեց նիստից փաստաթղթեր, որոնք գալիս են հաստատելու վարչապետի խոսքը, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկ չի արել, և ոչ՝ նոյեմբերի 18-ին։

«Մենք համոզված էինք, որ ճշմարտությունն ամեն դեպքում ջրի երես է դուրս գալու և դրա համար մի քիչ համբերելը խնդիր չի առաջացնի։ Ես ասեմ նաև մի փոքր դետալ՝ Օնիկ Գասպարյանը Շտաբի պետ էր, և դա հրապարակելու համար տեխնիկական խնդիրներ էր առաջանալու։ Այսինքն՝ գործընթաց կար իրավական, որին նաև Շտաբի պետն էր մասնակցություն ունենալու։ Օրենքի պահանջ կա՝ որևէ փաստաթուղթ հրապարակելու համար գործընթաց անցնենք։ Այդ ժամանակ Շտաբի պետն այդ գործընթացին մասնակից էր լինելու»,- ասել է  Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, թե հունիսին՝  ԶՈՒ  ԳՇ պետի պաշտոնում նշանակվելուց օրեր անց, ԱԽ նիստին ներկայացրել է վերլուծություն ռազմաքաղաքական իրավիճակի մասին և ասել, որ այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան է, հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն, Արմեն Գրիգորյանը նախ  ասաց, որ այդ նիստում Օնիկ Գասպարյանը զեկուցող չի եղել, ապա շարունակեց․

«Այն՝ ինչի մասին խոսում է Օնիկ Գասպարյանը եղել է օգոստոսի 21-ի զեկույցում, բայց այդտեղ ևս խեղաթյուրում կա։  Օրինակ ասում է, որ ռազմաքաղաքական կամ  դիվանագիտական մեծ քայլեր ձեռնարկեք, ինքը մոտ 9-10 էջանոց զեկույց է ներկայացրել օգոստոսի 21-ի նիստում, և դիվանագիտության մասին մեկ բառ չկա։ Օնիկ Գասպարյանն ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, այլ ինքն ասում է՝ մենք արևելյան ուղղությամբ  «ոչ մի քայլ հետ» սկզբունքով ջախջախելու ենք թշնամուն։ Էդ ինչպե՞ս է Օնիկ Գասպարյան մտածում, որ կարող ենք մենք ջախջախել, երբ որ Թուրքիան է աջակցում։ Օնիկ Գասպարյանի հիմնական միտքն այն է եղել, որ Թուրքիան հնարավոր է արևելյան ուղղությամբ հարձակվի, և մենք մի նախադասություն էլ ենք հրապարկել, որպեսզի հստակ երևա, որ Գասպարյանի առաջարկը ոչ թե եղել է ռազմաքաղաքական կամ դիվանագիտական լուծում տալ, այլ ստեղծել աշխարհազոր, հրապարակային էլ է դա երևում, եթե հետ գնաք օգոստոս-սեպտեմբեր ամսիների գործողություններին, կտեսնեք, որ մենք շատ ինտենսից սկսել ենք խոսել աշխարհազորի ստեղծման մասին։ Օնիկ Գասպարյանը խնդիրների լուծումը տեսնում էր աշխարհազոր ստեղծելով և մեր որոշումը հիմնված է եղել նրա առաջարկի հիման վրա»։

Լրագրողի հարցին,  թե Օնիկ Գասպարյանն առաջին անգամ ե՞րբ է ասել, որ պետք է պատերազմը կանգնեցնել, Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ 2020թ․ հոկտեմբերի 19-ին ԱԽ նիստին լայնածավալ քննարկում է եղել, որին մասնակցել են նաև նախագահը, կաթողիկոսը,  ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարները, և այդ նիստին է Օնիկ Գասպարյանը 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքն ասել։

«Առաջին անգամ Անվտանգության խորհրդի նիստում Շտաբի պետի զեկույցների հիման վրա․․․ մի հետաքրքիր բան էլ ասեմ՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքը, որ Օնիկ Գասպարյանը վերագրում է սեպտեմբերի 30-ին, հնչել է հոկտեմբերի 19-ին և այդ ժամանակ նույնիսկ օրինակներ է բերել, ռինգի,  բոքսի օրինակ է բերել և ասել, որ 23 օր շարունակ բոքսի ռինգում քեզնից ուժեղի հետ կռվում ես, դժվար է շարունակել։ Այդ միտքը հնչել է այդ ժամանակ և Անվտանգության խորհրդում կոնսենսուս է ձևավորվել, որ գնում ենք այդ ճանապարհով»։

The post Օնիկ Գասպարյանի՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքը հնչել է հոկտեմբերի 19-ին․ ԱԽ քարտուղար appeared first on ԳԱԼԱ.