Սաուդական խոշորագույն նավթային ընկերության՝ «Saudi Aramco»-ի եկամուտն անցյալ տարի կրճատվել է մոտ 45 տոկոսով
Սաուդյան Արաբիայի խոշորագույն պետական նավթային ընկերությունը հայտարարել է, որ եկամուտները կտրուկ նվազել են անցյալ տարի, քանի որ կարանտինային պայմաններում նավթի պահանջարկն աշխարհով մեկ նվազել է:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, Saudi Aramco նավթագազային հսկայի եկամուտը 2020 թվականին նվազել է մոտ 45 տոկոսով՝ 2019 թվականի համեմատ: Այնուամենայնիվ, ընկերությունը, որը խոշորագույններից մեկն է ողջ աշխարհում, 49 մլրդ դոլարի շահույթ է ունեցել և տեղեկացրել է, որ բաժնետերերն ընդհանուր 75 մլրդ դոլարի շահաբաժին կստանան:
Ընկերությունից հայտնում են, որ անցյալ տարին ամենադժվարներից մեկն էր վերջին տարիների պատմության մեջ:
2020 թվականի ընթացքում նավթի գինը 5 անգամ նվազել է, քանի որ երկրերը սահմանափակել են ճանապարհորդությունները, փակել գործարանները և արգելել առօրյա գործողություններից շատերը, ինչն էլ, իր հերթին, հանգեցրել է էներգիայի և վառելիքի պահանջարկի կրճատման:
