ru24.pro
World News
Март
2019

Մենք հույս ունենք, որ Շիշլիում մարդիկ ցանկանում են իրականությունը տեսնել․ Սելինա Դողանը՝ Թուրքիայի տեղական ընտրություններում իր մասնակցության մասին

0

Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Սելինա Դողանը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ցուցակով Ստամբուլի Շիշլի շրջանում առաջադրվել է որպես ավագանու թեկնածու` մարտի 31-ին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու նպատակով: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենց քաղաքական ուժը մասնակցել է քաղաքային կառավարմանը երկար տարիներ, ունեցել է քաղաքապետեր:

«Շիշլի շրջանը հայտնի է տարբեր ազգային փոքրամասնություններով: Միայն հայերը չէ, որ շատ են»,- ասաց նա:

Սելինա Դողանի խոսքով՝ այս շրջանում իր թեկնածուներին չի առաջադրել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը, բայց դրա փոխարեն մասնակցում են «Դեմոկրատական ձախ» կուսակցության թեկնածուները, որոնց աջակցելու է իշխող կուսակցությունը, և որոնք ձայները փոշիացնելու համար են:

«Նրանք մեզ համար մրցակիցներ են, և դա մարտահրավեր է մեզ համար: Դա մարտահրավեր է Շիշլիի համար,- ասաց նա՝ նշելով, որ իշխող կուսակցությունն իրենց մրցակցին օգնելու է  և՛ ֆինանսապես, և՛ այլ ռեսուրսներով,-իսկ դա նշանակում է, որ մենք չունեն հավասար հնարավորություններ ընտրապայքարում: Եվ դա դրսևորվում է ինչպես ամբողջ Թուրքիայում, այնպես էլ Շիշլիում»:

Չնայած եղած դժվարություններին՝ հայազգի թեկնածուի խոսքով՝ իրենք շարունակում են բանակցել ընտրողների հետ, ներկայացրել են իրենց թեկնածուներին: «Ամեն օր մենք հանդիպումներ ենք ունենում տարբեր համայնքների հետ, հանդիպել ենք հրեա համայնքի, ասորիների հետ»,- ասաց նա:

Սելինա Դողանի խոսքով՝ իրենց ընտրողները բոլոր դեմոկրատական խմբերն են: «Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը չունի թեկնածուներ, և նրանք պատրաստվում են օժանդակել մեզ, և նաև մեր հիմնական ընտրողները շարունակելու են աջակցել մեզ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե տեղեկատվություն կա, որ Ադրբեջանի նախագահը խնդրել է Թուրքիայի նախագահից ՀՀ-ին սահմանակից Կարսում և Իգդիրում ազգայնական կուսակցություններից թեկնածուներ առաջադրել, Սելինա Դողանը պատասխանեց, որ դրա մասին տեղյակ չէ, բայց շատ հնարավոր է:

Սելինա Դողանի խոսքով՝ ինքն առաջադրվել է հայաշատ Շիշլիում ոչ թե միայն այն պատճառով, որ ինքը հայ է, այլ նաև՝ վստահ է, որ իր գործունեությանն այնտեղ լավ են ճանաչում: «Ես եղել եմ խորհրդարանական, եղել եմ Թուրքիա-Եվրամիություն խորհրդարանական հանձնաժողովի անդամ: Իսկ Շիշլին իսկապես քաղաքակիրթ ազգերի մարդկանց շրջան է, այն նման է եվրոպական մեծ քաղաքի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ինքն ընտրվելուց հետո չի ծառայելու որպես միայն հայ կին, այլ օգտագործելու է իր փորձն ու կապ  է լինելու խորհրդարանի հետ:

Սելինա Դողանի բնորոշմամբ՝ այս պահին տեղի ունեցող ընտրապայքարը նման չէ տեղական ընտրությունների պայքարին: «Էրդողանն է ընտրապայքարն առաջ տանում, և ոչ թե, օրինակ, քաղաքապետերի թեկնածուները: Դա այն պատճառով է, որ նրանք այլևս ոչինչ չունեն առաջարկելու Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի համար: Դրա համար նրանք նաև ստեղծում են դրսի թշնամիներ»,- ասաց նա՝ մատնանշելով, որ օգտագործվեց նաև Նոր Զելանդիայում տեղի ունեցած հարձակումները մահմեդականների վրա:

Սելինա Դողանի խոսքով՝ այս ընթացքում ավելացել են նաև հետապնդումները իր կուսակիցների նկատմամբ, քրեական գործեր են հարուցվում նրանց նկատմամբ:

«Սա է իրավիճակը, ընտրությունները նման չեն տեղականներին: Նորից օգտագործվում են բոլոր ռեսուրսներն իշխող կուսակցության մրցակիցների դեմ: Իհարկե, նորից մեր թեկնածուներին դուք չեք կարող տեսնել լրատվամիջոցներում»,- ասաց նա:

Չնակած եղած խոչընդոտներին՝ Սելինա Դողանի խոսքով՝ ինքն ունի հույս, որ Շիշլիում նրանք հաջողությունների կհասնենք: «Մենք հույս ունենք, որ մարդիկ ցանկանում են իրականությունը տեսնել»,- ասաց նա: