Թուրքիայում խարդախության համար մեղադրվող տղամարդն արդարացվել է ու կեղծ թղթադրամներով վճարել իր փաստաբանին
Թուրքիայում խարդախության համար մեղադրվող տղամարդը կարողացել է ապացուցել դատարանին իր անմեղությունը, իսկ իրեն պաշտպանած փաստաբանին վճարել է կեղծ թղթադրամներով, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Թուրքիայի Կայսերի քաղաքից փաստաբան Մեթին Փոլաթը սոցցանցի իր էջում հրապարակել է ստացած թղթադրամներից մեկը՝ նշելով, որ այն կեղծ է: Փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը, որը խարդախության մեղադրանքով գտնվել է նախնական կալանքի տակ, իր ջանքերի շնորհիվ դատարանի որոշմամբ արդարացվել ու ազատ է արձակվել, սակայն պաշտպանյալը չի շտապել հրաժարվել նախկին սովորություններից ու կրկին դիմել է խարդախության:
Բարեբախտաբար, կեղծ է պարզվել գումարի մի մասը միայն, որն այդքան էլ շատ չէր: Փաստաբանը նշել է, որ ինքն առաջին անգամ է այդպես խաբվում և պատրաստվում է պահել կեղծ գումարը որպես հիշատակ այդ միջադեպից: Պաշտպանյալն իր հերթին վստահորեն պնդել է, որ ինքը կեղծ թղթադրամներ երբևէ չի ունեցել ու չէր կարող նման բան անել:
