ru24.pro
World News
Декабрь
2018

Մատիսը հեռանում է Պենտագոնի ղեկավարի պաշտոնից

0
«Գեներալ Մատիսը դեռ կաշխատի մեկ-երկու ամիս»


Մոտ մեկ տարի առաջ Վաշինգտոնի քաղաքական շրջանակներում լուրեր են տարածվել գերագույն հրամանատար, նախագահ Դոնալդ Թրամփի և պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսի տարաձայնությունների մասին:


Իբրև կարգապահ զինվորական՝ 68-ամյա ծովային հետևակի նախկին հրամանատար, Պենտագոնի ղեկավար Մատիսը թեման չի մեկնաբանել, մինչդեռ, նախագահը նկատել է տվել, որ չի բացառում պաշտոնյաների  փոխարինումը:


Պենտագոնի ղեկավարը Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ շատ ավելի կոշտ քաղաքականության կողմնակից է և պահանջում է զինված ուժերը հզորացնել՝ նախևառաջ հաշվի առնելով երկու մրցակից-գերտերությունների գործոնը: Դա է համարվել հիմնական տարաձայնությունը:


Եվ ահա երեկ երեկոյան Վաշինգթոնը հաստատել է, որ Մատիսը նախագահին փոխանցել է հրաժարականի գրավոր դիմումը:


«Նախարար Մատիսը եկել է, հանդիպել է նախագահին, նրանք այդ որոշումն են կայացրել, նախարարը դեռ մի երկու ամիս կշարունակի աշխատել, բայց ցանկացավ այսօր հայտնել հեռանալու մասին»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը:


«Կատաղած շուն» մականունը՝ զինակիցների ակնածանքի դրսևորում




Անթերի ծառայության, թշնամուն սթափ գնահատելու, հարգելու, բայց վայրկյան առաջ չեզոքացնելու հմտության համար զինված ուժերում «Կատաղած շուն» մականունը վաստակած գեներալի հեռացումը մեծ մտահոգություն է առաջացրել Վաշինգտոնում:


Քաղաքական վերնախավը շոկի մեջ է 


«Ես շոկի մեջ եմ, հայրենասեր գեներալ, նախարար Մատիսը... Բոլորը պետք է ընթերցեն նրա հրաժարականի նամակը, դա հայրենասիրության, նախագահի հանդեպ հարգանքի, բայց և սեփական արժեքները վերահաստատելու նամակ է»,- ասել է Ներկայացուցիչների տան փոքրամասնության ղեկավար, դեմոկրատ Նենսի Փելոսին:


Այդ կարծիքն է հայտնել նաև Սենատում դեմոկրատների փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը:


«Նախարար Մատիսն այս ադմինիստրացիայի հզորության և կայունության այն քիչ խորհրդանշաններից մեկն էր: Ամեն ոք, ով կայուն է, հզոր է, բանիմաց է, հեռանում է վարչակազմից, աշխատակազմի ղեկավար գեներալ Քելլին, գեներալ Մատիսը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական ՄքՄասթերը: Այս վարչակազմում քաոս է»,- ասել է սենատորը:


«Սա սարսափելի է, Մատիսը Թրամփի վարչակազմում առկա քաոսային վիճակում կայունության կղզին էր»,- Թվիթերում գրել է Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, դեմոկրատական Մարք Ուորները:


Մատիսի նամակը հիմա ամերիկյան հանրության ուշադրության կենտրոնում է:


«Չինաստանը և Ռուսաստանը աշխարհը ձևավորում են համաձայն իրենց ավտորիտար մոդելի»


«Պարոն նախագահ, ես համոզված եմ, որ մենք պետք է ավելի վճռական և միանշանակ լինենք մեր ռազմավարական շահերին հակասելու գործելակերպ դրսևորող երկրների հանդեպ:


Ակնհայտ է, որ Չինատանը և Ռուսաստանը ցանկանում են աշխարհը ձևավորել համաձայն իրենց ավտորիտար մոդելի, ստանալ այլ երկրների անվտանգության հարցերում քաղաքական, տնտեսական և դիվանագիտական վետոյի իրավունք և առաջ տանել իրենց շահերը հարևանների, Ամերիկայի և մեր դաշնակիցների հաշվին»,- գրել է Մատիսը  Թրամփին:


Հանրապետականները նույնպես մտահոգված են: Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄքՔոննելն «ափսոսանք» է հայտնել Մատիսի հեռանալու կապակցությամբ:


«ԱՄՆ-ը թևակոխում է քաղաքական կոպիտ սխալների փուլ»


Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն էլ Թվիթերում գրել է.- «Հենց նոր կարդացի լուրը գեներալ Մատիսի հրաժարականի մասին: Ինձ համար ակնհայտ է դառնում, որ մենք թևակոխում ենք քաղաքական կոպիտ սխալների փուլ, դա մեր երկրի համար սպառնալիք է, դա վտանգում է բարեկամների հետ մեր դաշինքը և հզորացնում է մեր թշնամիներին»:


Գեներալ Ջեյմս Մատիսը հաջորդ տարվա փետրվարի վերջին կազատի Պենտագոնի ղեկավարի պաշտոնը: