Առաջին լուսանկարները «Արմենիա TV»–ի ամանորյա տոնական թողարկումից
«Արմենիա TV»–ում այս օրերին արդեն ամանորյա տրամադրություն է։ Հեռուստաալիքը պատրաստվում է ամանորյա եթերին, որի համար հետաքրքիր ու գունեղ շոու ծրագիր են նկարահանել։
Tert.am Life–ը ներկայացնում է ամանորյա ծրագրի առաջին լուսանկարներն ու մանրամասները։ «Արմենիա TV»–ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ծրագիրը մատուցելու են լայվ` հետևելով տարվա թրենդին։
«Ամանորյա լայվ խառնաշփոթ է լինելու։ «Արմենիա TV»-ի բոլոր աստղերը մեր ֆեյսբուքյան էջով հայտնվում են տարօրինակ ու զավեշտալի իրավիճակներում։ Հասկանալով, որ ոչ մի կերպ չեն հասնելու տաղավար` նկարահանման, նրանք որոշում են լայվ մտնել և ցույց տալ, թե ինչ է կատարվում իրենց հետ։ Ինչպես բնորոշ է «Արմենիա TV»–ի ամանորյա ծրագրերին, այդ իրավիճակները շատ ծիծաղելի ավարտ են ունենում»,– ասաց նա։
Պրոդյուսերը դժվարացավ առանձնացել ամենահաջողված սքեթչերը` նշելով, որ դա սուբյեկտիվ մոտեցում է ենթադրում. «Այս պահին սքեթչերի 90 տոկոսն ունենք նկարահանած ու մոնտաժած, բոլորն էլ ծիծաղելի են»։
Տաղավար հասնել չեն կարողանում Նազենի Հովհաննիսյանը, Լիլի Հովերը, Դիանա Գրիգորյանը, Վահե Ղազարյանն ու Գագիկ Շամշյանը, Էդուարդ Քալանթարյանը, «Արմքոմեդիի» տղաները, Ազիզյանների ընտանիքը, «Ֆուլ հաուսի» անձնակազմը։ Նրանից յուրաքանչյուրը դրա համար իր պատճառն ունի, որը հեռուստադիտողները կբացահայտեն Ամանորի գիշերը։ Պրոդյուսերի խոսքով` «Արմքոմեդին» հանդես կգա քաղաքական եզրափակիչ երգով, որտեղ իրենց մասնակցությունն են ունեցել 10-ից ավելի քաղաքական գործիչներ։ «Կնշեմ միայն Առաքել Մովսիսյանի անունը, մյուսների անունը կտեսնեք եթերում»,– ասաց նա։
«Մեր մյուս աստղերը տաղավարում են լինելու։ Շատ գեղեցիկ ու շքեղ տաղավար ենք ստացել, որտեղ ընթացող շոու ծրագիրը վարում են Լուսինե Թովմասյանն ու Ավո Խալաթյանը։ Ելույթ են ունենալու Հայաստանի հայտնի երգիչ-երգչուհիները։ Ընդ որում` մեծ մասամբ երգելու են երգեր, որոնք այլ հեռուստաալիքներով լսել չեք կարող։ Հեռուստապրեմիերաները լինելու են մեր ծրագրի շրջանակում։ Թաթան, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը և բազմաթիվ այլ կատարողներ մեզ մոտ հանդես կգան նոր երգերով»,– ընդգծեց նա։
Ռուբեն Մխիթարյանի խոսքով` հեռուստաալիքը դեկտեմբերի 31-ին ամբողջ օրվա ընթացքում ունենալու է պրեմիերաներ։
«Ինչպես և նախորդ տարիներին, առավոտյան ժամերից սկսած էքսկլյուզիվ կոնտենտ ենք ներկայացնելու։ Առավոտյան եթերում է լինելու տոնական «Բարի լույսը», որի շրջանակում մոտ 5 ժամ Հայաստանի գրեթե բոլոր աստղերը երգելու են։ Այնուհետև եթերում են լինելու «Ոսկե դպրոցի», «Ազիզյանների», «Ֆուլ հաուսի» տոնական թողարկումները։ Ունենք մեծ պրեմիերա։ Առաջին անգամ հեռուստատեսությամբ բացառիկ իրավունքով ցուցադրվելու է«Սուպեր մամա 2»–ը, որից անմիջապես հետո կսկսվի «Ամանոր լայվը»։ Համոզված եմ մեր հեռուստադիտողն ալիքը փոխելու ժամանակ չի ունենալու»,– եզրափակեց Ռուբեն Մխիթարյանը։
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի
