Էջմիածնում քաղաքացիներից մեկն ընտրատեղամաս էր եկել «Իմ քայլը» գրառմամբ շապիկով. խախտումն արձանագրվել է գրանցամատյանում (տեսանյութ)
Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի 14/06 ընտրատեղամասում սահմանված կարգով բացվել է ընտրատեղամասի դուռը։ Ըստ հանձնաժողովի նախագահ Մուրադ Աբրահամյանի՝ տեխնիկական սարքերի հետ կապված որևէ խնդիր չի առաջացել։
«Ընտրությունները նորմալ հունով ընթանում են, որևէ բողոք չկա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Այս տեղամասում ընտրելու իրավունք ունի 1890 անձ, և այս պահի դրությամբ արդեն 150 հոգի մասնակցել է ընտրություններին։
Դիտորդներից նկատել էին, որ քաղաքացիներից մեկն ընտրատեղամաս էր եկել «Իմ քայլը» գրառմամբ շապիկով։
«Գրանցամատյանում արձանագրվել է որպես խախտում։ Քաղաքացին պիջակով էր, խնդրեցինք, կոճկեց, և վերջ»,- պարզաբանեց հանձնաժողովի նախագահը։
