ru24.pro
World News
Октябрь
2018

Պաշտոններ խոստանալն ընտրակաշառք չէ՞. Արմավիրի քաղաքապետի թեկնածու Սևակ Մինասյանը հույս ունի, որ ընտրությունները կանցնեն առանց ուղղորդումների

0

Արմավիրի քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրված թեկնածու Սևակ Մինասյանը քվեարկեց հանուն իր քաղաքի ապագայի, բարեկեցության ու լավ օրվա:

Tert.am-ի հետ զրույցում թեկնածուն ասաց, որ քաղաքում խնդիրները շատ են. «20 տարվա կուտակված անելիքներ կան, ինչը, կարծում եմ, շատ է»:

Սևակ Մինասյանը նշեց, որ հաշվի առնելով նախորդ տարիներին իր ունեցած փորձը (նա նախորդ տարիներին ևս առաջադրվել է որպես Արմավիրի քաղաքապետի անկուսակցական թեկնածու և պարտվել ՀՀԿ-ական թեկնածուին-խմբ.) մթնոլորտը հանգիստ է:

«Քարոզարշավն ավելի հանգիստ անցավ, առանց միջադեպերի, ավելի բարյացակամ մթնոլորտ է, հուսով ենք, որ արդար ընտրություններ են լինելու, արդյունքում ժողովուրդը ում ձայն կտա նա էլ կընտրվի: Միակ մտավախությունը, որ թեկնածուի նկատմամբ ուղղորդումներ չլինեն»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք ՔՊ անդամ, ինքնաառաջադրված թեկնածու, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն օգտագործում է իր լծակները, թեկնածու Մինասյանը նշեց, որ չէր ասի՝ քաղաքական լծակներ է օգտագործում: «Ուղղակի վարչապետի նկատմամբ ժողովրդի կողմից ձևավորված համակրանքը կարող է դեր ունենալ: Քանի որ մեր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընտրարշավի ժամանակ մատնացույց է անում թեկնածուին, դա կարող է ազդեցություն ունենալ և մի փոքր անհավասար պայմաններ ստեղծել»,- ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի կողմից անձամբ քարոզարշավին մասնակցելուն՝  հաջակցություն ՔՊ թեկնածուի, Սևակ Մինասյանը նշեց, որ դա ավելի շատ խանգարեց Դավիթ Խուդաթյանին, քան օգնեց:

«Այն առումով, որ հիշեցրեց ՀՀԿ-ի ընտրարշավը, այսինքն՝ ժողովրդին ուղղորդել դեպի թեկնածուն, ընդամենը վատ հետևանք տվեց, ճիշտ կլիներ՝ ասեր՝ ժողովո՛ւրդ ջան, ընտրե՛ք ձեր համոզմունքով արժանիին»,- ասաց նա:  

Սևակ Մինասյանը հաստատեց, որ քաղաքացիների մասնակցությունը ակտիվ չէ, և մասամբ համաձայնեց այն դիտարկման հետ, որ գուցե ընտրակաշառք չեն բաժանում, դրանով է  պայմանավորված:

«Խոստումներն էլ կարելի է ընտրակաշառք որակել: Պաշտոնների խոստումները մեկը մյուսին ընտրակաշառք չէ՞. ես միակ թեկնածուն եմ, որ չունեմ նման խոստումներ, մնացած բոլորն ունեն նման խոստումներ տված. փոքր քաղաք է, ամեն ինչից տեղյակ ենք, դա էլ է ընտրակաշառք էլի»,- ասաց նա և նշեց, որ ոչ միայն ՔՊ-ն ներկայացնող թեկնածուի կողմից, այլև մյուս թեկնածուների կողմից ևս լսել է, որ նման խոստումներ կան:

Հարցին, թե քարոզարշավին Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում վերջ տալ կրիմինալին և ընտրել իրենց թեկնածուին, և հաշվի առնելով որոշ իրավապահների հետ նախկինում Մինասյանի ունեցած միջադեպերը՝ գուցե նրան նկատի ուներ, Սևակ Մինասյանը պատասխանեց, թե դրանք ընդհանուր հեղափոխական կոչեր էին:

«Եթե ինքն ինձ համարում է կրիմինալ, ես էլ նույն ձև ՀՀԿ-ի դեմ եմ պայքարել, բոլորս հիշում ենք, որ եթե ինչ-որ մեկը համամիտ չէր ՀՀԿ-ի թելադրանքի հետ, նա կարող էր խնդիրներ ունենալ իրավապահների հետ: Ես միջադեպի  մեջ չեմ ընկել, իմ դեմ, իմ ընկերոջ դեմ քրեական գործ է հարուցվել թելադրանքով, ինչ հիմքով որ ինձ մեղադրանք են առաջադրել և կալանքի են վերցրել, որևէ բան իրավական հիմք չի ունեցել»,- նշեց նա: