ru24.pro
World News
Октябрь
2018

Թրամփն ասել է պայմանը, որի դեպքում դուրս չի գա ՌԴ-ի հետ միջուկային համաձայնագրից

0

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը hայտարարել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է պահպանել երեսուն տարի առաջ Ռուսաստանի հետ կնքած «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագիրը, եթե Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնեն  նստել բանակցային սեղանի շուրջ:

Այս մասին գրում է Fox News-ը՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով:

Վերջինս մանրամասնել է, որ Թրամփը չի լքի համաձայնագիրը, եթե Մոսկվան ու Պեկինը համաձայնեն նոր փաստաթուղթ կնքել:

Աղբյուրը նաև հավելել է, որ Թրամփի վարչակազմը Ռուսաստանին կասկածում է համաձայնագրի կանոնները շրջանցելու ու «արգելված» հրթիռներ արտադրելու, փորձարկելու համար:

Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս կգա 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչյովի կնքած «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից:

Փորձագետներն ահազանգել են, որ ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում կսկսվի 1980-ական թվականներից ի վեր միջուկային սպառազինության ոլորտում ամենալուրջ ճգնաժամը:

Հայտնի է, որ պատմական համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարտավորվել են ոչնչացնել գործողության միջին և փոքր շառավղով բալիստիկ ու թևավոր հրթիռներն ու այլևս չզբաղվել դրանց արտադրությամբ:

«Այնուհանդերձ, մենք ստիպված կլինենք արտադրել այդ զենքերը: Մենք պատրաստվում ենք չեղարկել համաձայնագիրն ու դուրս գալ դրանից»,- հայտարարել է Թրամփը Նևադայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը, նշել է, որ հետևանքներն «աղետալի» կլինեն:

«Դա կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ը կկարողանա գործողության մինչև 5.500 կմ շառավղով հրթիռներ տեղակայել Լեհաստանում ու Մերձբալթյան երկրներում՝ սպառնալիք ներկայացնելով Ռուսաստանի համար: Մարդկությանը լիակատար քաոս է սպառնում միջուկային սպառազինության ոլորտում»,- գրել է Կոսաչովը: