Ժողովրդի տրամադրությունը բացառում է արտահերթ ընտրություններ անցկացնելու համար վարչապետի հրաժարականից հետո որևէ վտանգ կամ անակնկալ. քաղաքագետ
Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար վարչապետի հրաժարականից հետո տեսականորեն վտանգ չեմ տեսնում. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
«Նախ ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը չի հանդուրժելու իր դեմ ուղղված որևէ քայլ: Այսինքն՝ այստեղ ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի քաղաքական գործունեությանը վերաբերող հարց է դրված, այլ ժողովրդի կողմից ձեռք բերված հաղթանակի ինստիտուցիոնալիզացիայի հարց է դրված: Ժողովուրդը պատրաստակամ է և վճռական է պաշտպանել իր նվաճումը բոլոր լեգալ և լեգիտիմ միջոցներով»,-ասաց նա:
Էդգար Վարդանյանը նույնիսկ որևէ անակնկալի հնարավորություն չի տեսնում։ «Ժողովրդի տրամադրությունը հենց բացառում է որևէ վտանգ կամ անակնկալ, մանավանդ այն բանից հետո, երբ ժողովուրդը վճռական և խիստ կերպով արձագանքեց հին իշխանությունների արտահերթ քաղաքական ընտրությունների օրակարգը հետաձգելու, կամ տապալելու փորձերը: Եվ փաստացի ժողովրդի արձագանքը հոկտեմբերի 2-ին տխրահռչակ նախագծի հաստատումից հետո հանգեցրեց նրան, որ ձեռք բերվեցին երաշխիքներ նաև գրավոր տեսքով, հայտարարությունների տեսքով, որ քաղաքական ուժերը չեն առաջադրելու վարչապետի թեկնածու և հաշվի առնելով ընդհանուր մթնոլորտը ՀՀ-ում առկա, քաղաքական և հոգեբանական, գրեթե պետք է բացառել նման վտանգ, նման անակնկալ»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է ի հայտ գա այնպիսի ուժ, որը կարողանա լուրջ մարտահրավեր նետել գործող կառավարությանը, քաղաքագետը պատասխանեց, որ կարող են վստահորեն ասել, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը վայելում են բնակչության բացարձակ մեծամասնության աջակցությունը:
«Գելափի հետազոտության համաձայն՝ բնակչության 90 տոկոսը վստահում է Փաշինյանին, որը չափազանց բարձր վարկանիշ է և կարծում եմ՝ այս պարագայում հին իշխանությունների որևէ նախաձեռնություն դատապարտված է անհաջողության, հատկապես եթե խաղի մեջ մտնի Ռոբերտ Քոչարյանը, որը բնակչության բացարձակ մեծամասնության կողմից չի ընկալվում որպես քաղաքական գործիչ և բացասական է ընկալվում, և դա կնշանակի, որ այն քաղաքական ուժը կամ ուժերը, կամ մարդիկ, ովքեր փորձեն Քոչարյանի հետ միասին հանդես գալ, նրանք նույնպես իրենց վրա կզգան այդ ժողովրդի բացասական վերաբերմունքը»,-ասաց նա:
Հարցին, թե նման տրամադրություններն արդյոք ընդդիմադիր դաշտի վակուում չե՞ն առաջացնի, և ըստ այդմ էլ խորհրդարանն ինչքանո՞վ կարող է պահպանել հավասարակշռությունը, քաղաքագետը նշեց. «Չեմ կարծում, որ վակուում է առաջանում, նախ որովհետև այդ 90 տոկոս աջակցությունը չի նշանակում միատարրություն, դրանք բազմազան են, և ես կարծում եմ, որ ապագայում Փաշինյանի գլխավորությամբ այդ դաշինքը կբաժանվի որոշակի ֆրակցիանների և նաև չի բացառվում, որ ապագայի ընդդիմադիր քաղաքական ուժերի մի զգալի հատվածը դուրս գա հենց Նիկոլ Փաշինյանի դաշինքից»:
Բացի այդ, ըստ նրա՝ այդ դաշտում կան հեղափոխության օրակարգն ընդունող քաղաքական ուժեր, որոնք ըստ էության վերաֆորմատավորվում են և ցանկանում են հայտ ներկայացնել մասնակցելու ընտրությունների:
«Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ Ընտրական օրենսգրքի՝ խորհրդարանի առնվազն մեկ երրորդը պետք է պատկանի ընդդիմությանը, դա նշանակում է, որ եթե նույնիսկ 99 տոկոս ձայն վերցնի Փաշինյանի դաշինքը, ընդամենը 70 տոկոսը կարող է ունենալ, քանի որ երեք քաղաքական ուժ պետք է ներկայացված լինի, իսկ եթե փոխվի Ընտրական օրենսգիրքը՝ նույնիսկ 4 ուժ պետք լինի: Այսինքն՝ կարող ենք ասել, որ ընդդիմադիր քաղաքական ուժեր լինելու են, ունենալու է բավական շատ ձայներ, լինելու է նաև բազմազանություն և որևէ անհանգստություն, կապված նրա հետ, որ միատարրություն է լինելու, քաղաքական դաշտում, կարծում եմ անհիմն է»,-ասաց նա:
Ի պատասխան հարցի, թե աղաքական դաշտը պատրա՞ստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հատկապես որ ըստ հայտարարությունների՝ ամենայն հավանականությամբ դրանք կանցկացվեն հին Ընտրական օրենսգրքով, քաղաքագետն ասաց, որ դեռևս դժվար է ասել, թե որ Ընտրական օրենսգրքով կիրականացվեն ընտրություններ:
«Բայց միանշանակ կարող ենք ասել, որ քաղաքական ուժերը պետք է միշտ պատրաստ լինեն արտահերթի, հատկապես խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում, որովհետև արտահերթը բնորոշ է խորհրդարանական համակարգ ունեցող երկրներին»,-ասաց նա:
Բացի այդ, ըստ նրա՝ Կառավարության ծրագրով նախատեսված է մեկ տարվա ընթացում իրականացնել արտահերթ ընտրություններ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր պահի ծրագիրն ընդունելուց սկսած կարող էին տեղի ուենալ ընտրություններ: «Ինչը ենթադրում էր, որ հենց այդ պահից պետք է պատրաստվեին արտահերթի: Ես նույնիսկ նորաստեղծ կուսակցությունները, որոնք հենց նոր են ստեղծվել և դեռևս չեն էլ գրանցվել, իրենք ասում են, որ եթե հասցնենք գրանցվել, մենք պատրաստ ենք մասնակցելու, այսինքն՝ այստեղ որևէ խնդիր այդ առումով չկա»,-եզրափակեց նա:
