ru24.pro
Medialab
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14
15
16 17 18 19 20 21
22
23 24 25 26 27 28 29
30

Թուրքիան սիրում է սիմվոլներ, Էրդողանի կողմից այդ գիրքը նվիրելը սիմվոլիկ է. Ռուբեն Սաֆրաստյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում գտնվող «Թուրքիայի տանը» տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում և հատկապես սիմվոլների համատեքստում, քանի որ գիտենք, որ Թուրքիայում դրանց մեծ նշանակություն են տալիս։ Ի՞նչ մեսիջ էր պարունակում Էրդողանի գիրք նվիրելը Փաշինյանին, ինչո՞ւ հանդիպումը տեղի ունեցավ հենց «Թուրքիայի տանը»։

– Ընդհանուր գնահատականն այն է, որ այդ հանդիպումն այնպիսի հանդիպում էր, որ ոչ մի սկզբունքային նշանակություն չէր ունենա, սովորական դիվանագիտական հանդիպում էր։ 

Ինչ վերաբերում է սիմվոլներին, այո՛, իսկապես, Թուրքիան սիրում է սիմվոլներ՝ որպես նախկին կայսրություն։ Էրդողանի կողմից այդ գիրքը նվիրելը սիմվոլիկ է այն առումով, որ Էրդողանն առիթը բաց չի թողնում Թուրքիայի մասին իր տեսլականը ներկայացնել ում հնարավոր է։ 

Էրդողանի տեսլականն այն է, որ Թուրքիան նորից դարձնի այնպիսի պետություն, որը կարևոր տեղ ունի համաշխարհային քաղաքականության մեջ, ու այդ արդարության մասին գիրքը, որը Էրդողանը նվիրել է Փաշինյանին, նրա ընկալմամբ, այդ արդարությունը հենց Թուրքիայի մեծ նշանակությունն է աշխարհում, այդ է արդարությունը նրա համար։ 

Դեռ տասը տարի առաջ նա սկսեց խոսել այն մասին, որ պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների թիվն ավելացվի, ու Թուրքիան պետք է լինի այն պետություններից մեկը, որը պետք է համալրի Խորհրդի մշտական անդամ երկրների կազմը։ Այդ գիրքն էլ որ նվիրեց, հենց այդ հայեցակարգի ձևակերպումն է։ 

Բազմիցս եմ ասել, որ Էրդողանը փորձում է Թուրքիային այնպիսի դիրք հաղորդել, որը չի համապատասխանում իրական Թուրքիայի հնարավորություններին, որովհետև ինչքան էլ նա երազի մեծ Թուրքիայի մասին, այնուամենայնիվ, Թուրքիան աշխարհում տնտեսական առումով երկրորդ տասնյակ պետությունների մեջ է, իր բնակչությամբ, տարածքով, բանակի հզորությամբ առաջնային պետություն չէ, ըստ էության միջին պետություն է։ Սիմվոլը դա էր, որ ամեն տեղ Թուրքիան փորձում է ցույց տալ, թե Թուրքիան որքան մեծ է։ 

Մեկ հանգամանքի վրա էլ եմ ուզում ուշադրություն հրավիրել, որ երբ Էրդողանը սրանից մոտ 12-13 տարի առաջ այդ տեսլականը սկսեց հրապարակայնորեն ներկայացնել աշխարհին, այն ժամանակ հույս ուներ, որ 2023 թվականին, երբ լինի Թուրքիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակը, այդ ժամանակ Թուրքիան իսկապես կլինի այդպիսի տեսլականին համապատասխանող երկիր, բայց իրողությունն այլ է, ու հիմա մենք տեսնում ենք, որ այդ նպատակին չի հասել։ 

Իրականությունը հիմա այն է, որ Թուրքիան տնտեսապես շատ վատ վիճակում է ու մեծապես կախված է դրսի ներդրումներից, որոնք շատ փոքր են, ու միակ հույսը մնում է Արևմուտքը, դրա համար մենք հիմա տեսնում ենք Թուրքիայի կողմից ձգտում՝ հարաբերություններն ավելի սերտացնել Արևմուտքի, ԱՄՆ-ի հետ։ 

Որոշ աղբյուրների համաձայն՝ Էրդողանը փորձել է նախապատրաստել իր հանդիպումը Քամալա Հարիսի հետ, բայց կարծես թե չի ստացվում, այսինքն՝ Էրդողանն ամեն կերպ փորձում է ցույց տալ ԱՄՆ-ին, որ հավատարիմ դաշնակից է։ 

Տեսնում ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գնալով բավականին սառում են։ Թուրքիան նաև Իսրայելի հետ է շարունակում հարաբերությունները պահպանել, չնայած հայտարարություններին, այնպես որ, մենք տեսնում ենք նրա քաղաքականության այս երկակիությունը, ձգտումը՝ հանդես գալու որպես հզոր պետություն, բայց իրականությունն այն է, որ Թուրքիան միջին պետություն է, որը մեծապես կախված է Արևմուտքից, ԱՄՆ-ից։ 

– Իսկ այդ գրքում Հայաստանի տեղի, դերի մասին, իր ասած՝ արդար աշխարհում ինչ-որ անդրադարձ կա՞, թե՞ ոչ։

– Այդ գիրքը ես դեռևս չեմ կարդացել, բայց դրա բովանդակությունը Էրդողանն այսպես թե այնպես արտահայտել է հոդվածներում ու ելույթներում, որոնց մեջ Հայաստանի վերաբերյալ ոչինչ չկա, համենայնդեպս, այն համատեքստում, ինչի մասին մենք խոսում ենք։ Ու սա շատ հետաքրքիր շրջադարձ է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայում երկրորդ-երրորդ պլան են մղված, իրողությունը սա է, ու պատահական չէ, որ այս հանդիպումը, որը մեզանում մեծ հետաքրքրություն առաջ բերեց, Թուրքիայում առանձնապես հետաքրքրություն չեղավ դրա նկատմամբ, մեկնաբանություններ չեղան, միայն կիսապաշտոնական հաղորդում եղավ։ 

Երբ նայում ես վերջին մեկ տարվա մամուլը, շատ քիչ անդրադարձ կա Հայաստանի հետ հարաբերություններին՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ շատ էին մեկնաբանությունները, բացասական ելույթները, իշխանությունների նկատմամբ քննադատությունները, որ ուզում են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ 

Հիմա լռություն է, շատ քիչ է հետաքրքրում, չմոռանանք նաև, որ թուրքական մամուլը գրեթե 80 տոկոսով գտնվում է իշխանությունների հսկողության տակ, այսինքն՝ Թուրքիայի ղեկավարության համար Հայաստանի հետ հարաբերությունները, նույնիսկ Հարավային Կովկասն արդեն այնպիսի նշանակություն չունեն, ինչպես առաջ էր, Թուրքիան հիմա ուզում է աշխարհում իր կարևոր տեղը ցույց տալ։

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ հանդիպման վայրի սիմվոլիկան ո՞րն էր, ինչո՞ւ «Թուրքիայի տանը»։

– Դա Թուրքիայի պաշտոնական ներկայացուցչությունն է Նյու Յորքում, որտեղ, ի դեպ, Էրդողանը նաև այլ երկրների ներկայացուցիչների հետ է հանդիպում, այնպես չէ, որ միայն Փաշինյանին էր այդ «պատվին արժանացրել»։ Այդտեղ ոչ մի առանձնահատուկ բան չեմ տեսնում։

– Հատկապես վերջին տարիներին կատարված դեպքերի ֆոնին՝ շատ քննարկվեց գիրքը նվեր ընդունելու հանգամանքը, նկարում Նիկոլ Փաշինյանի լայն ժպիտը և այլն, կարծիքներ հնչեցին, որ սա ուղիղ ճանապարհ է Հայաստանն Էրմենիստան դարձնելու։ Դուք շատ լավ գիտեք և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի իրական նպատակներն ու տարիներով վարած քաղաքականությունը, իրատեսակա՞ն են նման մտահոգությունները։

– Շատ լավ նշեցիք՝ Էրմենիստան, այո՛, Թուրքիան հենց դա էլ ուզում է, պատահական չէ, որ այնտեղ տարածված է հետևյալ արտահայտությունը՝ մեր հայերը, իհարկե դա վերաբերում է Թուրքիայի հայերին, բայց այն տրամաբանությամբ, որ հայերն իրենց ձեռքի տակ են, նույնն էլ, իհարկե, կուզեն տեսնել մեր պարագայում։ 

Ես չեմ կարծում, որ գիրք նվեր ընդունելը կամ ժպտալը ճանապարհ է հարթում դեպի Հայաստանի նման կարգավիճակ։ Ի վերջո, դիվանագիտությունը ժպիտներ սփռելու արվեստ է, այդտեղ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, բայց որ Թուրքիան ուզում է, որ Հայաստանը կախում ունենա իրենից, դառնա Էրմենիստան՝ կասկածից վեր է։ Բայց Հայաստանն ամեն կերպ մեր սուվերեն իրավունքները, ազգային շահերը ոչ մի թիզ անգամ չպետք է զիջի Թուրքիային։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Թուրքիան սիրում է սիմվոլներ, Էրդողանի կողմից այդ գիրքը նվիրելը սիմվոլիկ է. Ռուբեն Սաֆրաստյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.