Ասխաբաձե. «Բանանցում» պետք է պատրաստենք լավ ֆուտբոլիստներ
«Ռամալյոն ու նրա հետ Հայաստան եկած իսպանացի այլ մասնագետները միայն գլխավոր թիմի հետ չեն աշխատելու: Նրանք մասնակցելու են նաեւ 2-րդ թիմի ու ակադեմիայի տարբեր տարիքային խմբերի հետ աշխատանքներին: Պետք է այնպես անենք, որ «Բանանցում» զարգանան լավ ֆուտբոլիստներ, որոնք կհամալրեն ինչպես գլխավոր թիմը, այնպես էլ կհամոզեն Հայաստանի հավաքականի ներկա կամ ապագա մարզիչներին իրենց ընդգրկել ընտրանու կազմում»,- ասել է Ասխաբաձեն:
Իսպանացի մասնագետները մի քանի ամիս առաջ եղել են Հայաստանում, հետեւել առաջնությանը, ծանոթացել «Բանանցի» ենթակառուցվածքներին ու որոշել են համագործակցել:
«Ակումբի հայ մարզիչները շարունակելու են աշխատանքը: Մենք բժիշկների պակաս էլ ունենք: Տեսեք, թիմի հետ աշխատում է ընդամենը մեկ բժիշկ, միայն երեկ երկրորդը միացավ մեզ: Պետք է այս հարցը նույնպես լուծում ստանա»,- նշել է ակումբի գլխավոր տնօրենը:
Նա ընգծել է, որ այս տարի ձմռանը «Բանանցի» գլխավոր թիմում կլինեն որոշակի փոփոխություններ: Իրենք պայքարելու են Եվրոպայի Լիգայի ուղեգիր նվաճելու համար, իսկ արդեն հաջորդ տարի՝ Հայաստանի չեմպիոն դառնալու. «Ֆուտբոլը զարգացնելը համբերատար աշխատանք է պահանջում: Մենք ցանկանում ենք, որպեսզի արդեն մի քանի տարի անց «Բանանցն» ունենա բարձրակարգ թիմեր»: