ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Միրգն ու բանջարեղենը Հայաստանում շարունակում է թանկանալ` չնայած առատ բերքին

0
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Չնայած առատ բերքին` Հայաստանի շուկաներում մրգերի և բանջարեղենի գները շարունակում են աճել։
Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում պարենամթերքի գներն օգոստոսին հուլիսի համեմատ աճել են 0.3 տոկոսով` առավելապես մսամթերքի, ոչ ալկոհոլային ըմպելիքների, բանջարեղենի և կարտոֆիլի գների` 0.3-11–տոկոսանոց աճի հաշվին։ Բանջարեղենի և կարտոֆիլի գները նույն ժամանակահատվածում աճել են 11.8 տոկոսով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ` 15.2 տոկոսով։

Հատկանշական է, որ տվյալ ապրանքախմբերի գների բարձրացումը կատարվում է բերքատու տարում։ Մենատնտեսներն իրենց արտադրանքն իրացնում են բավականին ցածր գներով, իսկ դրանից ամենամեծ շահը ստանում են, ինչպես միշտ, վերավաճառողները։

Ինչպես նշում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը, իրավիճակը պայմանավորված է հիմնականում վերավաճառողների շուկայի թույլ վերահսկողությամբ, ինչպես նաև գյուղմթերքի իրատեսական գների բացակայությամբ։ Ըստ նրա, գյուղատնտեսության ոլորտում չկա վերահսկողության լիարժեք շղթա, ինչն էլ հանգեցնում է միջնորդների սահմանած գների հաստատմանը։

«Մենք տվյալ հարցում հստակ քաղաքականություն չունենք։ Գյուղացիները միշտ չէ, որ կարողանում են իրենց բերքը հասցնել քաղաք, իսկ քաղաքի բնակիչները չեն մեկնում գյուղեր, ինչը թույլ է տալիս վերավաճառողներին մթերքը բարձր գներով վաճառել»,– նշեց Պիպոյանը։

Ըստ նրա, հայ մենատնտեսների համար շահավետ չէ բարձր բերքատվություն ունենալ, քանի որ այդ դեպքում նրանք իրացման խնդիր են ունենում։

«Ամեն անգամ հարուստ բերքի դեպքում շուկայում իսկական քաոս է սկսվում։ Մենատնտեսներին ձեռնտու չէ հարուստ բերք ստանալ, և դրանով ամեն ինչ ասված է»,– պարզաբանեց նա։


Պիպոյանը կարծում է, որ գյուղմթերքի շուկային գնային իրավիճակը կարգավորելու համար կառավարությունը պետք է այդ մթերքների համար ամեն տարի իրատեսական գներ սահմանել, որ միջնորդները չկարողանան մենատնտեսներից ցածր գներով գյուղմթերք գնել, ինչպես նաև անհիմն թանկացումները կանխելու համար։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում 2015 թվականի հունվար–հուլիսին արտադրած գյուղմթերքի ծավալն ընթացիկ գներով կազմել է մոտ 328.4 մլրդ դրամ` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 14.8 տոկոսով։
ԱՎԾ տվյալներով, Հայաստանում 2015 թվականի օգոստոսին սպառողական գները նախորդ ամսվա համեմատ աճել են 0.7 տոկոսով 2015 թվականին պետբյուջեով սահմանված 4% (±1,5%) գնաճի դեպքում։ ($1 – 475,81 դրամ)։ -0-