ru24.pro
World News in Armenian
Август
2024

Մեծ շուքով նշվեց Հայաստանի հարավային մայրաքաղաք՝ Կապանի տոնը

0

Ավանդույթի համաձայն օգոստոսի երրորդ շաբաթ օրը մեծ շուքով նշում ենք Հայաստանի հարավային մայրաքաղաք՝ Կապանի տոնը: Այն որ այս տարածաշրջանում քաղաքակրթություն գոյություն է ունեցել դեռեւս 5-րդ դարում, վկայում է պատմիչ Ստեփանոս Օրբելյանը: Այս մասին նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դարերի պատմություն ունեցող Կապանը, սակայն, շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ է ստացել 1938 թվականին, հետեւաբար այս տարի տոնում ենք քաղաքի կոչում ստանալու 86 ամյակը:

Օգոստոսի 17-ի տոնական օրվա միջոցառումների մեկնարկը ազդարարվեց համաքաղաքային ֆլեշմոբ-հյուրասիրությամբ: Համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները առաջինը շնորհավորեցին հերթապահության մեջ գտնվող կապանցիներին: Նորապսակների այգու հարակից տարածքից հեծանվավազքով սկսվեց մարզական միջոցառումների շարքը։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, ավագանու անդամները, Կապան ժամանած հյուրերը՝ ԻԻՀ Սպահան քաղաքի պատվիրակությունը, հանրապետության մի շարք համայնքների ղեկավարներ հարգանքի տուրք մատուցեցին Սյունիքի՝ 1918-1920թթ․ ազատամարտի զորահրամանատար, ծնունդով Վերին Խոտանան գյուղից Պողոս Տեր Դավթյանի հիշատակին, այնուհետեւ այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելով Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների շիրիմներին։

«Կապանը Սյունիքի թագավորության մայրաքաղաք» կարգախոսով՝ մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ տոնական հանդիսավոր նիստ, որի ընթացքում կապանցիներին շնորհավորեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Կապանի պատվավոր քաղաքացի Հակոբ Ղազանչյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Գեւորգ Փարսյանը իր շնորհավորական խոսքում անդրադարձավ ինչպես Կապանի պատմությանը այնպես էլ մերօրյա քաղաքի զարգացմանը։

The post Մեծ շուքով նշվեց Հայաստանի հարավային մայրաքաղաք՝ Կապանի տոնը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.